211652_close_icon
views-count163741 դիտում article-date 08:39 08-06-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու ավտոմեքենան. Կա վիրավոր. Ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները եւ ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ Ու եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար, մինչդեռ նման բան, երբ տանը քնած բնակիչների տունն են հրկիզում, այդ ձևով առաջնորդվում էին թուրքերը։ Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս պահին դեպքի վայրի լրացուցիչ զննություն են կատարում քննիչները և փորձագիտական կենտրոնի մի քանի փորձագետներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր