հիմնական կայք
Լրահոս

Արմեն Բաբալարյան. Թիմը կարող էր անել ավելին

Արմեն Բաբալարյան. Թիմը կարող էր անել ավելին Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:


«Ընդհանուր առմամբ, գոհ եմ այն ըմբիշներից, որոնցից մեդալ էինք սպասում՝ նվաճեցին, բայց թիմը ունակ էր ավելիին: 82 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը նույնպես կարող էր մեդալի հավակնել, բայց պետք չէ մոռանալ մի քանի հանգամանք. նա դարձել էր աշխարհի պատանեկան չեմպիոն եւ փոխել է թե՛ տարիքային խումբը, թե՛ քաշային կարգը, ինչը բարդացրեց իրավիճակը: Կարենի քաշը 79 կգ է, իսկ նրա մրցակիցները 86-87 կիլոգրամից են իջնում: Քառորդ եզրափակիչում Կարենը գործող չեմպիոնին հաղթում էր, բայց վերջին վայրկյաններին պարտվեց: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա հաղթեց լեհ ըմբիշին, բայց երկրորդի ժամանակ չհավաքվեց եւ պարտվեց:

Պատանիների Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանին էլ մի փոքր չբավականացրեց: Նա կարող էր եզրափակիչում լինել եւ դառնալ չեմպիոն: Բայց պետք չէ մոռանալ, որ սա նրանց առաջին տարին է երիտասարդների տարիքային խմբում, եւ կան դժվարություններ: Նախ 2 րոպեի փոխարեն ամեն մրցափուլը 3 րոպե է, եւ մրցակիցներն ավելի փորձառու ու պատրաստված են:

Հայկ Մելիքյանն արեց այն ամենը, ինչ կարողացավ: Եզրափակիչ գոտեմարտի ժամանակ նա չկարողացավ իրականացնել տակտիկական առաջադրանքը:

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչ գոոտեմարտում դժվարին իրավիճակից ելք գտավ եւ վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ: Ի դեպ, մրցակից ռուս ըմբիշին նա պարտվել էր Կասպիյսկի միջազգային մրցաշարում:

Մինչեւ աշխարհի առաջնությունը կանցկացնենք հավաքներ եւ, հնարավոր է, կմասնակցենք միջազգային մրցաշարի, որից հետո պարզ կլինի հավաքականի կազմը»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք