հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում մամուլի ազատության առաջընթացը ոգեշնչող է՝ Freedom House․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում մամուլի ազատության առաջընթացը ոգեշնչող է՝ Freedom House․ «Ամերիկայի ձայն» Աշխարհում մամուլի ազատությունը լուրջ վատթարացում է արձանագրել, հայտնում է անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Համաձայն զեկույցի, մամուլի ազատությունը սահմանափակելուն ուղղված քայլեր են գրանցվել ոչ միայն անազատ երկրներում, այլև՝ ավանդաբար «ազատության ամրոց» համարվող Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Ազատ մամուլի դերը ժողովրդավարության մեջ դժվար է գերագնահատել: Այն առաջին հերթին օգնում է քաղաքացուն կատարել տեղեկացված ընտրություն՝ ներկայացնելով իրականության առավել հստակ պատկերը: Առանց այդ գործիքի քաղաքացիները պարզապես չեն կարող կատարել այդ ընտրությունը:

Եվրոպայում մամուլի ազատության առավել վատ վիճակը տիրում է Հունգարիայում և Սերբիայում, որտեղ Վիկտոր Օրբանն ու Ալեքսանդր Վուչիչը լուրջ հաջողության են հասել ազատ մամուլի գործունեությունը սահմանափակելու գործում: Հունգարիայում, մասնավորապես, զեկույցի համաձայն, լրատվամիջոցների 80 տոկոսից ավելին կառավարության դաշնակիցների ձեռքում են:

Ինչ վերաբերում է անազատ երկրներին, ապա այստեղ իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել: Անազատ Չինաստանում արդեն սահմանափակում են մամուլի և լրատվության ազատությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ սահմաններից դուրս՝ փորձելով ամեն կերպ ազդել այլ լրատվամիջոցների վրա, որպեսզի նրանք հաղորդեն Չինաստանի մասին այն, ինչ ցանկանում է Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցությունը:

Եթե նախկինում կոմունիստական կուսակցությունը սահմանափակում էր իր ազդեցությունը արտերկրի լրատվամիջոցների վրա Չինաստանի դրական պատկերի հաղորդմամբ, ապա այժմ մարտավարությունը փոխվել է: Ինչպես նախկինում, Չինաստանի ավտորիտար ռեժիմը փորձում է արտերկրին ներկայանալ որպես զարգացող և ազատ երկիր՝ թույլ չտալով երկրում տեղի ունեցող բացասական գործընթացների լուսաբանումը: Սակայն, այժմ չինական կողմը ցանկանում է նաև ընդհանրապես ներկայացնել բռնատիրական համակարգը որպես ժողովրդավարությունից ավելի նախընտրելի՝ միաժամանակ, ժողովրդավարությունը համարելով քաոս:

Համաշխարհային պատկերը սակայն այդչափ գաղջ չէ՝ Հայաստանում, Եթովպիայում, Մալայզիայում, Էկվադորում ու Գամբիայում գրանցված մամուլի ազատության ոլորտում առաջընթացը ոգեշնչող է, ասված է Freedom House-ի զեկույցում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանն ու Վրաստանը ստացել են մամուլի ազատության մակարդակի համար երկուական միավոր, մինչդեռ Ադրբեջանում և Ռուսաստանում մամուլի ազատության մակարդակը գնահատվել է զրոյական:

Ի տարբերություն ժողովրդավարության այլ պարագաների, ինչպիսիք են դատական իշխանության անկախությունն ու օրենքի գերակայությունը, մամուլի ազատությունը փոփոխություններին շատ արագ արձագանքող ցուցանիշ է: Սակայն, ինչպես ժողովրդավարությունը, այն խոցելի է և անընդհատ խրախուսման և պաշտպանության կարիք ունի, ասված է զեկույցում: Այլապես, կարող է կրկնվել 2011-ի «Արաբական գարնան» պատմությունը, երբ արաբական մի շարք երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում իշխանափոխություններից անմիջապես հետո մամուլի ազատության մակարդակը բարելավվեց, սակայն արդեն երկու տարի անց կրկին նվազեց:

Սոցիալական ցանցերը մնում են ազատ մամուլի կարևորագույն օթևաններից մեկը, հատկապես այն պետություններում, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկողության տակ վերցնել ավանդական լրատվամիջոցները:

Բոլոր բացասական կողմերով հանդերձ, համացանցը մնում է ոլորտ, որտեղ, կեղծ լուրերի և քարոզչության կողքին այնուամենայնիվ կարող է տարածվել ազատ խոսքը: Թուրքիայում, որտեղ 2016-ի հեղաշրջման փորձից հետո ազատ մամուլը հսկայական ճնշումների ենթարկվեց, համացանցը դարձել է անկախ լրատվության աղբյուր, որը, չնայած իշխանական արգելափակումներին, հասանելի է շատերին: Զեկույցը նաև հիշատակում է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» օրերին համացանցի կարևորագույն դերի մասին, որը անաչառ տեղեկատվության աղբյուր էր, երբ կառավարության կողմից կառավարվող ավանդական հեռուստաընկերությունները լռում էին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք