հիմնական կայք
Լրահոս

Պարագվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին

Պարագվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի  նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին Հունիսի 4-ին Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում Արգենտինայում և համատեղության կարգով Պարագվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին (Mario Abdo Benítez):


Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևեց ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի և Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսի միջև կարճատև առանձնազրույց, որին ներկա գտնվեց նաև արտաքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Կաստիլիոնին (Luis Alberto Castiglioni): Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը հայտնեց իր հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նախորդ օրը՝ հունիսի 3-ին Պարագվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Պարագվայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Անտոնիո Ռիվաս Պալասիոսին (Antonio Rivas Palacios) և արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Պարագվայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Հայաստանի անմիջական հարևանների հետ երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը:

ՀՀ դեսպանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Պարագվայի կոնգրեսի պատգամավորների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վալտեր Հարմսի (Walter Harms) հետ։ Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում երկկողմ հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլեր և ձեռք բերել պայմանավորվածություն՝ ձևավորելու Պարագվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք