հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանական կողմը պլանային դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը պլանային դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։


Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք