հիմնական կայք
Լրահոս

Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել

Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մայիսի 30-ի առավոտյան մեքենայությունների մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել: Այս մասին ասված է ԱՄՆ Գաղտնի ծառայություն և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական հաղորդման մեջ:


Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն իրական հայկական անձնագրեր են ձեռք բերել և, դրանցում եղած լուսանկարները փոխարինելով սեփական լուսանկարներով, անձնագրերն օգտագործել են դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար:

Կեղծարարները խաբեությամբ բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում անմիջապես կանխիկացրել դրանք՝ արդյունքում Bank of America բանկից մոտ 1,1 մլն դոլարի գումար գողանալով:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ խաբեբաներն ընդհանուր առմամբ 331 հայկական անձնագիր են կեղծել: Պաշտպանյալներից 3-ի դեմ Wells Fargo բանկային ընկերությունից համանման մեքենայության արդյունքում մոտ 370 000 դոլար գողանալու մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: Մեղադրյանլերից ևս մեկը՝ 29-ամյա Արտակ Օհանյանը, համաձայնել է հանձնվել դաշնային իշխանություններին:

Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: Գործը քննվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մեքենայությունների և ընդհանուր հանցանքների բաժնի դատախազի կողմից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք