հիմնական կայք
Լրահոս

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ «Կանայք և երիտասարդները որպես փոփոխությունների շարժիչ ուժ» խորագրով կլոր սեղան-քննարկում

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ «Կանայք և երիտասարդները որպես փոփոխությունների շարժիչ ուժ» խորագրով կլոր սեղան-քննարկում Մայիսի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ «Կանայք և երիտասարդները որպես փոփոխությունների շարժիչ ուժ․ քաղաքացիական ներգրավվածությունից որոշումների կայացում» խորագրով կլոր սեղան-քննարկում։


Քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով փոխտեղակալ, Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Էնդրյու Գիլմորը, ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի, քաղաքացիական հասարակության բաժնի տնօրեն Լոպա Բաներժեն և Նյու Յորքի քաղաքային համալսարանի դասախոս, Ռուզվելտի կենտրոնի հանրային քաղաքականության ծրագրի տնօրեն Շյամա Վենկատեսվարը։

Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով Հայաստանի կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում կանանց և երիտասարդության ներգրավվածության շեշտակի ավելացմանը՝ ներկայացրեց Թավշյա հեղափոխությանը նախորդած զարգացումները և քաղաքացիական հասարակության մասնակցությունը հայաստանյան վերափոխումների գործընթացում:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ նշելով, որ կանայք և երիտասարդները կանգնած են եղել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխությունների ակունքներում: ՀՀ դեսպանի կողմից ընդգծվեց Հայաստանի կառավարության՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն, օրենքի գերակայությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը։

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից անդրադարձ կատարվեց քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում կանանց և երիտասարդների դերին, ընդգծվեց կայուն զարգացման նպատակների իրականացման առումով քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության, մարդու իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությանը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք