211652_close_icon
views-count7534 դիտում article-date 23:16 23-05-2019

CNN-ը Մխիթարյանի շուրջ սկանդալից հետո «Արսենալին» և «Չելսիին» առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը. Tert.am

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/23/mkhitaryan/3006651]Tert.am[/url]-ը: Հեռուստաալիքն ընդգծում է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար և նշում, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել: Աղբյուրը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառ է ներկայացնում՝ նախ երկրպագուների ճամփորդության անհարմարությունները, այնուհետև այն, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և հատկապես այն փաստը, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար մեծ կորուստ կարող է լինել, և նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին: «Եթե «Արսենալ»-ը պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- գրում է CNN-ը: Միևնույն ժամանակ CNN-ը նկատում է, որ եզրափակիչը հյուրընկալող երկիրը փոխելու որոշումը չափազանց կտրուկ և աննախադեպ կլիներ, սակայն մյուս կողմից նշում է, որ ժամանակակից սպորտի պատմության մեջ երբևէ այնպիսի սահմանափակումներ չեն եղել, որոնք կարող են այս կերպ ազդել խաղացողի վրա: Եզրափակելով հոդվածը՝ CNN-ը երկու անգլիական ակումբներին առաջարկում է բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:

Նմանատիպ նյութեր