հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական ավտովթար Երևանում. քրեական հետախուզության օպերլիազորը BMW-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական ավտովթար Երևանում. քրեական հետախուզության օպերլիազորը BMW-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 75 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրող հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը, ովքեր վերամբարձ կռունկի միջոցով գետից դուրս են բերել ավտոմեքենան։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք