211652_close_icon
views-count94689 դիտում article-date 13:27 20-05-2019

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Զվարթնոց թաղամասի բնակիչները խմելու ջրի պատճառով հերթական անգամ փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը՝ հայտարարելով, որ մինչև խմելու ջրի խնդիրը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ։ Տարիներ առաջ հերթական անգամ փակեցինք ճանապարհը, ջուրը տվեցին, իսկ դա կարճ տևեց։ Հիմա ստիպված փակել ենք ճանապարհը՝ վստահ լինելով, որ միայն նման ձևով խնդիրը կլուծվի»։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ Այստեղ է ժամանել նաև Ջրմուղի պատասխանատուն, ով բնակիչներին տեղեկացրեց, որ իրենք միջոցներ են ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն բնակիչներն ասում էին, որ իրեն չեն վստահում. «Նա հերթական անգամ եկել է՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնի ու գնա»։ Բնակիչներն ասում էին նաև, որ ճարահատյալ են այդ քայլին դիմում. «Եթե ցանկություն ունենան, ապա խնդիրը կարճ ժամանակում կլուծեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր