211652_close_icon
views-count3463 դիտում article-date 11:44 17-05-2019

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը: Նիշանյանը, ով 2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է): Պոլսահայ մտավորականը կարողացել էր մեկնել Հունաստան և կարճ ժամանակ անց տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք: Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: [img]https://st0.shamshyan.com/editor/0740387001558076181697076.jpg[/img]

Նմանատիպ նյութեր