հիմնական կայք
Լրահոս

ՃԵԿ 26 իրավախախտումների համար նախատեսված տուգանքները կնվազեն

ՃԵԿ 26 իրավախախտումների համար նախատեսված տուգանքները կնվազեն Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել. «Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով»:

Այսպիսով, ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Նախագծում նշվում է, որ եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից, իսկ տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ:

Ըստ նախագծի՝ տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն: Պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր: Նախագծում նշված է նաև, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ 5 հազար դրամանոց տուգանքին համարժեք է մեկ տուգանային միավորը:

«20-25 հազար դրամի տուգանքների համար նախատեսված է երկու բալային միավոր հանել, 4 միավորանոց խախտումների թիվը 2-ն է՝ երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը և տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, բացառությամբ եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլը մեկ գրամը չի գերազանցում: Երեք միավորանոց խախտումներն են՝ տրանսպորտային միջոցի տնօրենի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, որի համար ներկայիս գործող համակարգով նախատեսված է տուգանք 100 հազար դրամի չափով»,-մանրամասնեց նա:

Առաջարկը դրվեց քվերարկության։ Դեմ քվեարկեց միայն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք