211652_close_icon
views-count3081 դիտում article-date 13:22 16-05-2019

Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նախարարը նշեց, որ նախագիծը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, այդպիսով՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները լրացնել նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և սահմանել դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ: Նախագիծը ընդունվելուց հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Այս առումով որոշակի խոչընդոտներ վերացվում են, որ մարդիկ ցանկանան և շահագրգռված լինեն աշխատանքով ապահոված լինելով՝ չզրկվել նպաստից, այսինքն՝ ֆորմալիզացնեն իրենց աշխատանքը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր