հիմնական կայք
Լրահոս

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն»

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն» Նյու Յորքում Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Քննարկվեցին հիմնադրամի գործունեության, ռազմավարության և ծրագրերի մասին հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Հայաստան համահայկական հիմնադրամը մոտակա տարիների համար մշակել է նոր ռազմավարություն, ասում է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ում գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ուղեկցությամբ օրերս գտնվում էր Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպելու համար:

Անցած տարվա հոկտեմբերից հիմնադրամի ղեկավարումը ստանձնած Արշամյանը նշում է՝ մշակված նոր ռազմավարությունը ներառական է, կապահովի հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, այն հաշվի է առել բազմաթիվ քննարկումների ժամանակ բարձրաձայնած մտահոգություններն ու տարիների կուտակած փորձառությունը:

«Ի վերջո հասկացանք, որ մեր հայ իրականության պարագայում ամենաճիշտը ցանցային աշխատանքային ոճն է: Շատ կարևոր է ապահովել հիմնադրամի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև շահառուների, աջակիցների ու դոնորների ներգրավվումը հիմնադրամի գործունեությանը»,- նշում է Արշամյանը:

Նրա խոսքերով, հիմնադրամն ունի ինչպես հեռահար, այնպես էլ մոտակա նպատակներ: Նյու Յորքում հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մոտակա ծրագրերին, որոնցից առաջնայինը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին տներով ապահովելն է: Ըստ Արշամյանի՝ համահայկական մոբիլիզացիայի արդյունքում երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր է կարգավորել այս հարցը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են:

«Դրա առաջին քայլը 40 բնակարաններով շենքի կառուցումն է, որի ուղղությամբ դրամահավաքը սկսվել է, Մեր Ֆրանսիայի գործընկերներն արդեն խոստացել են կես միլիոն եվրո այս ծրագրին»,- հայտնում է հիմնադրամի ղեկավարը:

Արշամյանը կարևորում է Սփյուռքում համախմբվածությունը հիմնադրամի ծրագրերի շուրջ: Անհրաժեշտ են աշխատանքներ հենց Սփյուռքի համայնքներում՝ հիմնադրամի կարևորությունը մեծացնելու ու այն Սփյուռքում ավելի ճանաչելի դարձնելու համար: Այդ ճանապարհին օրինակ Միացյալ Նահանգներում կառույցը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը: Մայրաքաղաք Վաշինգտոնը ներկայացնող հիմնադրամի ԱՄՆ-ի արևելյան ափի խորհրդի անդամ Լիլիթ Վարդանյանը կիսում է այս մոտեցման կարևորությունը:

«Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստան հիմնադրամի գործունեությունն արևելյան ափի ամերիկահայ համայնքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, Ֆլորիդայում, Նյու Ջերսիում՝ որդեգրելով ավելի ընդգրկուն մոտեցում»,- նշում է Լիլիթ Վարդանյանը:

Անդրադառնալով կառուցի զարգացման տեսլականին՝ հիմնադրամի ղեկավարն ընդգծում է՝ անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի տարիների կուտակած փորձառությունը: Արշամյանը կոչ է անում շեշտը դնել ոչ թե բարեգործական, այլ՝ հատկապես զարգացման ծրագրերի վրա:

«Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է դառնա այն կառույցը, որի անունն արդեն կնշանակի վստահություն, թափանցիկություն, ներառականություն»,- կարծում է Արշամյանը:

Կառույցի գործունեությունն ու հետագա ծրագրերը ներկայացնելուց հետո՝ հիմնադրամի պատվիրակությունը պատասխանեց Նյու Յորքի հայ համայնքին հուզող բազմաթիվ հարցերի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք