211652_close_icon
views-count968 դիտում article-date 17:28 15-05-2019

«Հայաստանին և Ռուսաստանին միավորում է դարավոր բարեկամությունը և այն անքակտելի է». Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ: Ողջունելով ռուսաստանցի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նախադեպը չունեցող պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայորդի, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում: Հանձնաժողովի նախագահը համառոտ ներկայացրել եւ կարեւորել է անկախացումից հետո հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու երկրների միջեւ կնքված փաստաթղթերը, որոնք հիմք են ռազմավարական փոխգործակցության: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է պաշտպանության, տնտեսության, մշակույթի բնագավառներում եւ քաղաքական դաշտում համագործակցությունն ու զարգացման ուղիները: Կարեւոր է համարվել նաեւ միջխորհրդարանական կապերի սերտացումը եւ այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հանդիպումները: Նշվել է, որ պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվում են նոր ծրագրեր, սակայն կան օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Սերգեյ Արենինը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր է համարել հանձնաժողովների միջեւ կառուցողական գործակցությունն ու շարունակականությունը: Պատվիրակության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դարավոր բարեկամությունն առավել կամրանա եւ կհզորանա: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանության բնագավառի զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր