211652_close_icon
views-count1050 դիտում article-date 16:19 15-05-2019

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Չեխիայում

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մայիսի 11-13-ը ն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղեկցությամբ, հանդիպեց Չեխիայի ԱԳՆ պետքարտուղար Միլոսլավ Ստաշեկի (Miloslav Stašek) և տնտեսական և ֆունկցիոնալ հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Տոմաշ Կրիլի (Tomáš Kryl) հետ։ Վահագն Մելիքյանը զրուցակիցներին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները: Հանդիպումներին երկուստեք բարձր գնահատվեց հայ-չեխական հարաբերությունների քաղաքական օրակարգի ներկայիս վիճակը և անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությանը, հատկապես, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների մասին։ Տոմաշ Կրիլը հանգամանորեն ներկայացրեց արտերկրում Չեխիայի դիվանագիտական ներկայացվածության պատկերը և վերջինիս հետ կապված չեխական կողմի առջև ծառացած խնդիրները, մինչդեռ Վահագն Մելիքյանն անդրադարձավ Հայաստանի պարագայում նմանատիպ խնդիրների առկայությանը, քննարկվեցին դիվանագիտական ծառայության ֆինանսատնտեսական գրեթե բոլոր ասպեկտները։ Միլոսլավ Ստաշեկը հանդիպման ընթացքում հայ-չեխական հարաբերություններին տվեց «գերազանց» որակավորում, անդրադարձավ Չեխիայի վարած տնտեսական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի համատեքստում ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոսեց ներկայումս Հայաստանում ընթացող տնտեսական հեղափոխության ընթացքի մասին, ներկայացրեց կառավարության կողմից տարվող հակակոռուպցիոն ձեռնարկներն ու Հայաստանում բիզնես հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին ԱԳՆ գործունեության ամենատարբեր ոլորտների ֆինանսական կարգավորումների և դիվանագիտական ծառայության սոցիալական երաշխիքների հետ կապված հարցերը։

Նմանատիպ նյութեր