211652_close_icon
views-count1504 դիտում article-date 10:40 15-05-2019

Զերծ մնալ «լարվածության կուտակումներից»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները, որքան էլ դա դժվար լինի, պետք է շփման եզրեր գտնեն և խաղաղությանն ուղղված երկխոսության հաստատելու ուղղությումբ քայլեր ձեռնարկեն: Սա, որքան հասկանում եմ, Հայաստանի նոր իշխանությունների կարևոր թեզերից մեկն է, որը, չնայած քննադատության է ենթարկվում, իմ կարծիքով, միանգամայն ընդունելի է: «Անհրաժեշտ է զերծ մնալ ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից», – գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախյան ճակատում հրադադարի 25-ամյակին նվիրված իր ուղերձում: Միանգամայն ճիշտ ցանկություն է: Բայց եթե այն ճիշտ է Հայաստանի և Ադրբեջանի, հայերի և ադրբեջանցների դեպքում, ապա երիցս ճիշտ է նաև հայերի և․․․ հայերի պարագայում: Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող բոլոր հայերի դեպքում ավելի շատ է պետք զերծ մնալ «լարվածության կուտակումներին ուղղված քայլերից»: Արցախի անվատանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեկնաբանությունը Դուշամբեում «վերելակում» ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կոռեկտ չէր և, կարծում եմ, սխալ էր նաև բովանդակային առումով, որովհետև այդ պայմանավորվածությունները, համենայնդեպս, մինչև այս պահը թուլացրել են լարվածությունը Ադրբեջան-Արցախ շփման գծում: Վարչապետի մամուլի քարտուղարի արձագանքը, որտեղ նա Բալասանյանին համեմատում է Աշոտյանի և Շարմազանովի հետ, նույնպես կոռեկտ չէ: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ միշտ չէ, որ պետք է «աբառոտկա ֆռալ», «պորտը տեղը դնել» ու «շշպռել»: Դե, իսկ Հայաստանի իշխանության չափից դուրս բուռն երկրպագուների հայhոյական հարձակումները Բալասանյանի վրա միանգամայն սպասելի էին: Արցախի ներկա և նախկին նախագահների դիմումը ՀՀ դատախազին՝ Քոչարյանին ազատ արձակելու խնրդանքով սխալ էր թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսնակյունից: Իրավաբանորեն նման որոշում կարող է կայացնել միայն դատարանը (և երեկ Արցախի ղեկավարներն այդ սխալը, կարծես թե շտկեցին՝ երաշխավորագիր ներկայացնելով դատարան), քաղաքական առումով Հայաստանի հասարակական կարծիքն այսօր չափազանց լարված է Քոչարյանի դեմ, և դրա համար մեր քաղաքացիները հիմքեր ունեն: Այդ հուզական դաշտն այն տեղը չէ, որտես պետք է մտնեն այլ պետությունների ղեկավարները: Ի պատասխան դրա՝ Արցախին կամ նրա ղեկավարությունը հեղափոխությամբ սպառնալը նույնպես ամենաիմաստուն քայլը չէ՝ նախ այն պատճառով, որ դա տղայական կեցվածք է՝ «որ մեզ բան ասեք, մենք ձեզ գահից կքցենք», երկրորդ՝ կարծես թե բոլորս շահագրգռված ենք, որ Արցախի հանրապետությունում կայուն վիճակ լինի: Հիմա ընթանում է ՀՀ Երկրորդ նախագահի դատավարությունը, և ես չէի ասի, որ իշխանության կողմնակիցները զերծ են մնում «ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր