հիմնական կայք
Լրահոս

Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը

Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:


«Նախնական պայմանավորվածություն չկա: Բավականին կարևոր միջոցառում է լինելու՝ ի նշան գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես այնտեղ է լինելու, հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հնարավոր է լինի ոչ ֆորմալ հանդիպում, Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում այդ հնարավորությունը: «Լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ հնարավորությունը կլինի, թե ոչ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախատեսվում է, որ ղեկավարները հանդես կգան ելույթներով: Վստահ եմ, որ շփում կլինի, բայց թե ինչ կարգի, այս պահին դժվար է ասել»,-նշեց նա:

Կարապետյանը նշեց՝ ինքը միշտ կողմ է երկխոսության՝ տարբեր մակարդակներում: Նա հիշեց, որ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի վերջին երկու հանդիպումից, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որը բավականին նշանակալի զարգացում է: «Եվ վաղուց մենք չունեինք նման հեռանկար պարունակող մոտեցում՝ երկու երկրների կողմից հրապարակային արտահայտված»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝ շատ շուտով հանրությունը կիմանա՝ արդյոք հանդիպում եղել է, թե ոչ, բայց այս պահին որևէ պայմանավորվածություն չկա:

Մայիսի 13-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ: Այնուհետև նախատեսվում է, որ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք