հիմնական կայք
Լրահոս

Իրավապաշտպանների խումբը մանրամասներ է հայտնում Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերի վերաբերյալ

Իրավապաշտպանների խումբը մանրամասներ է հայտնում Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերի վերաբերյալ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ: Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով:



Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության և մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։

Ինչպես ներկայացրին իրավաբան-իրավապաշտպանների խմբի լրատվական ծառայությունից, Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որևէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։

«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց»,-տեղեկացնում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:

Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի և քաղաքների հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:

Հայտնի է նաև, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի և Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, և 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեև Ս․Խուդունցը ներկայացրել է տան և հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։

«Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում և Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձևավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է և նպատակային շեղումներ չունի։

Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռևս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միևնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների և ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Հաղորդակցված, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք