հիմնական կայք
Լրահոս

Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ

Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:


ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա պատմեց մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին:

-Սոցցանցերում ակտիվ քննարկվում է վերադարձդ: Կարո՞ղ ենք ասել, որ վերադառնում ես պրոֆեսիոնալ ըմբշամարտ:

-Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ:

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին:

-Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի:

-100 տոկոսով հե՞տ ես եկել ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ:

-Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում:

- Ռիո-2016-ից հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում:

-Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

-Հնարավոր է նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում:

-Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել:

-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես:

-Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք