211652_close_icon
views-count2331 դիտում article-date 17:43 10-05-2019

Իրանի Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը այցելել է ԵՊԲՀ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին նշեց՝ շատ կարևոր է , որ այս տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունները գնալով ամրապնդվում են: ԵՊԲՀ ռեկտորը կարևորեց ինչպես կրթական, այնպես էլ գիտական համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով համաձայնության հուշագիր ստորագրել՝ հույս հայտնելով,որ հուշագիրը գործնականորեն կյանքի կկոչվի, և մի շարք կարևոր ծրագրեր կիրականացվեն ՝ ի նպաստ երկու երկրի: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, կարևորեց բարձր մակարդակի համագործակցությունը: «Հույս ունեմ, որ այս հանդիպումը խթան կլինի թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների փոխանակման համար, ինչպես նաև հիվանդանոցային համակարգի համագործակցության առումով»,-նշեց նա: Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Շահրոխ Յուսեֆզադեին ամփոփ ներկայացրեց համալսարանին առնչվող մի շարք տեղեկություններ՝ ներկայացնելով համագործակցության իրենց տեսլականը: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԵՊԲՀ դիպլոմները կճանաչվեն Իրանի կողմից, և ավելի շատ ուսանողներ Հայաստան կգան ուսում ստանալու նպատակով: «Մեզ համար համագործակցությունը սկսելու և խորացնելու համար առաջնահերթն ուսումնական համակարգն է, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորով: 20 տարուց ավելի իրականացնում ենք երիկամի փոխպատրաստում, սկսել ենք նաև լյարդի փոխպատվաստում իրականացնել: Պատրաստակամություն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում 24 ժամվա ընթացքում հասցնել Հայաստան և հայ բժիշկների հետ միասին փոխպատվաստում իրականացնել»: Շահրոխ Յուսեֆզադեն հավելեց՝ որպես համագործակցության սկզբնական քայլ պատրաստ են կազմակերպել կարճաժամկետ դասընթացներ՝ երկու երկրի ուսանողների և մասնագետների մասնակցությամբ, այդպիսով կխթանեն կրթական մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա միմյանց փորձից օգուտներ քաղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր