հիմնական կայք
Լրահոս

Թբիլիսիում նշել են Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը

Թբիլիսիում նշել են Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում ապրիլի 25-ին հանդիսավորապես նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:


Ինչպես հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, դեռևս անցյալ տարի Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանների համայնքային հանձնաժողովի ծրագրային միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում հռոմեաական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Միջոցառումը դարձել է քույր եկեղեցական երգչախմբերի խոնարհումը Կոմիտաս վարդապետի երգարվեստին:

Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն եղբայրական սիրով ողջունել է հավատակից քույրերին և եղբայրներին:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը շաղկապել է Հայոց ցեղասպանության հետ, որի արհավիրքներին չդիմացավ ժողովրդի ծոցից ելած ազնիվ հայորդու սիրտը: Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ ,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Միջոցառման վարողներ Նինա Սերոպովայի և Սուրեն Աբրամյանի հայտարարությամբ Կաթոլիկ եկեղեցում տարածվել են Կոմիտասյան մեղեդիները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյանի), Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ: Հնչեցին շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի (խմբավար Իլոնա Բիլյանովա) Վրաստանի Ավետարանչական-Մկրտական Եկեղեցու «Քորալի երգչախմբի (խմբավար՝ Ռամազ Կեմուլարիա), Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա) կատարմամբ:

Վերջում կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը, Թեմակալ առաջնորդը բարձր է գնահատել թեմի հոգևոր դասի՝ հավատացյալներին ծառայելու նվիրվածությունը, պաշտոնեության պատրաստակամությունը ազգային ավանդույթը և հոգևոր մշակույթը ժողովրդին մատուցելու գործում: Վազգեն սրբազանը «Ալիքմեդիա» օնլայն լրատվամիջոցի հիմնադիր տնօրեն Արսեն Խառատյանի և նկարչուհի Մարինա Խաչատուրովայի կողմից բանախոս Մհեր Նավոյանին փոխանցել է Կոմիտաս վարդապետին նվիրված գեղանկարը:
Հիրավի Կոմիտասյան չքնաղ երգն ու երաժշտությունը, հավատացյալներով լեցուն դահլիճում ստեղծել են անկրկնելի տպավորություն:

Վիրահայոց թեմում հոբելյանական միջոցառումները շարունակվում են:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք