211652_close_icon
views-count2049 դիտում article-date 11:58 26-04-2019

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 50 հազար աշխատատեղի ավելացման մասին իր հայտարարության վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնարարել է տեղեկանք պատրաստել բացվածքով, որպեսզի երևա, թե այդ աշխատատեղերը որ ոլորտներում են: «Աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Այժմ ընդհանուր ներկայացնեմ, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել: Մասնավորապես, մանրածախ, մեծածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների նորոգման ոլորտում 16 հազար 427 աշխատատեղի աճ ունենք: Մշակվող արդյունաբերության ոլորտում արձանագրել ենք 9 հազար 551 աշխատատեղի աճ: Կացության և հանրային սննդի սպասարկման ոլորտում՝ 8 հազար 334, սպասարկման այլ ծառայություններում՝ 2 հազար 574, տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 2 հազար 260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1 834 աշխատատեղի աճ»,-ասաց Ն. Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով մյուս ոլորտները: Նա նշեց, որ այս թվերը ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ընկերություններն իրենք են ներկայացրել իրենց աշխատատեղերի թիվը, հետևաբար կատարվում են սրանից բխող հարկային պարտավորություններ: «Ես հասկանում եմ, որ 50 հազար աշխատատեղի մասին մեր ներկայացրած թիվը մեկնաբանությունների տեղիք տվեց, որովհետև, ըստ էության, կարող է ֆանտաստիկայի ժանրից թվա, սակայն այս ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է: Սա ես ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ սա մեր գործարարների, մեր քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք: Այս մարդիկ իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս պրոցեսը կշարունակվի: Նա նշեց, որ առաջիկայում նոր աշխատատեղեր կստեղծվեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր