211652_close_icon
views-count3576 դիտում article-date 21:17 24-04-2019

Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել

Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում է գտնվել նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ավելի ուշ Փայլանը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ եկած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ միասին մամուլի ասուլիս անցկացնելու նպատակով հեռացել է հրապարակից: Ասուլիսը տեղի է ունենալու Մարդու իրավունքների ասոցիացիայի շենքում: Թեմայի վերաբերյալ թուրքական «Evrensel» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը հիշեցրել է, որ ամեն տարի այդ նույն հրապարակում մամուլի ասուլիս է անցկացվել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների ու սպանությունների թեմայով: «Այս տարի հիշատակի միջոցառումն արգելվեց: Ոստիկանությունը մեզ տեղեկացրեց, որ արգելվել է: Չկարողացանք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված մամուլի ասուլիս անցկացնելու իրավունքը»,- ասել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպնության խնդրին լուծում չգտնող իշխանությունը նախընտրում է լռեցնել ու ճնշել հանրությանը: «Բոլոր այն հանցագործությունները, որոնց հետ չեն առերեսվում, կրկնվում են և, ցավոք, այսօր էլ տեսնում ենք այդ հանցագործությունների կրկնության հետևանքները»,- ասել է հայ պատգամավորը: Աղբյուր` [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/04/24/%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/153483] Ermenihaber.am [/url]

Նմանատիպ նյութեր