211652_close_icon
views-count1143 դիտում article-date 15:40 21-04-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը

Ապրիլի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Շնորհաբեր այս տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սահմանադրական դատարանի նախագահ տիար Հրայր Թովմասյանը, հայոց պետական այրեր, ինչպես նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերար հայորդիներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և բազում ուխտավորներ: Մայր եկեղեցու գավթում ամպհովանու ներքո ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև կատարվեց երկրպագություն, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատացյալ ժողովրդին, եկեղեցականաց թափորով առաջնորդեց դեպի խորան: Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով հանդերձ հայրապետական իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր