211652_close_icon
views-count1780 դիտում article-date 11:03 21-04-2019

Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է ճրագալույցի պատարագին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԵրեկ՝ արիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի Ս. Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մինչ Ս. Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվել են սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը: Սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ է կատարել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Այսօր` Հարության տոնին, մենք նշում ենք կյանքի հավերժության տոնը: Ընկճված ու անհույս է մարդը, երբ չի ճանաչել հարության իրական խորհուրդը, չի ըմբռնել այն ճշմարտությունը, թե Քրիստոսի հարությամբ ջնջվեցին կյանքի սահմանները և այն դարձավ անվերջանալի ու անսահման հավիտենական մի իրականություն: Մեր առջև երկու պատկեր է, երկու հոգեվիճակ, երկու աշխարհայացք: Մենք տեսնում ենք մարդուն` Քրիստոսի հարությունից առաջ, առանց Նրա հարության հավատքի և մարդուն` Քրիստոսի հարությունից հետո, Նրա հարությամբ լուսավորված: Մենք տեսնում ենք մարդուն, որ կորցրել է հույսն ու կյանքի նպատակը, խարխափում է անորոշությունների մեջ, երերում, ափեափ զարկվում ու հառաչում. «Ի՛նչ կարճ ու դառն է մեր կյանքը, ի՛նչ անճար ենք մենք մահվան դիմաց, չկա ու չկա մեկը, որ մահվանից հետո վերադառնա»: Մյուս կողմից մեր առջև մարդն է, որ ապրել է ու ապրում է Քրիստոսի հարության ճշմարտությունը: Որոշ է նրա նպատակը, անընկճելի նրա ոգին, բազմաթիվ անկումներից հետո նա գիտե վեր կենալ, փորձությունները նրա համար փորձանքներ չեն, այլ հնարավորություններ, խավարը չի մթագնում այդ մարդու հոգին, այլ ընդամենը խթանում է ավելի ու ավելի շուտ հասնել լույսին: Սա Հարությանը հավատացող, դրանով ապրող մարդն է, որ փառաբանում է. «Այսօր անգիտության խավարը հալածվեց և Հարուցյալ Քրիստոս մեզ գիտության լույս պարգևեց» (Շարական Հարության օրհն.ԱՁ): Այո՛, մենք լույսի պարգև ստացանք` ճանաչելու մեր ինքնությունը, ըմբռնելու մեր կյանքի նպատակը: Դատապարտումը, նվաստացումը, չարչարանքները, զրկանքները ոչինչ են համեմատ այն հոգվիճակի, երբ չգիտես, թե ինչո՞ւ ես ապրում, երբ անհասկանալի է մնում այն հարցի պատասխանը, թե որտեղից ես եկել և ուր ես գնում: …Հարությունը մարդկանց հայացքները բարձրացնում է երկրից, հողից, գետնից, ուղղում է երկինք, վեր ու ավելի վեր: Հարության լույսի ներքո ապրողը չի կարող կլանվել երկրավոր նպատակներով, հարստությունը նրա համար այլոց ծառայելու միջոց է, փառքը և ճանաչումը` առաքինի գործերի բնական արդյունք, գեղեցկությունը` Աստծու արարչական հանճարի արտահայտություն: Հարությանը հավատացող և նրանով ապրողը երբեք չի շտապում, նրան երբեք չեն կրծում ձախողված լինելու կասկածները: Նա գիտի, որ Աստված հաջողությունը արդեն տվել է իրեն, երբ ծնվել ենք, երբ ճանաչել ենք Նրան ու Իր Հարությունը»: Սրբազան Հայրը հաստատել է, որ Քրիստոսի հարության ճշմարտությունից հեռու մնալը նշանակում է խարխուլ մակույկով հանձնվել ծովին և չընդունել հարությունը որպես ճշմարտություն` նշանակում է խարխափել կյանքի աննպատակության ու անհուսության լաբիրինթոսում: «Եթե չբացենք մեր հոգու առագաստները հարության ճշմարտության Մեծ Նպատակի առջև, ստիպված պետք է լինենք մեր անհուսությունը խեղդել երկրավոր զբաղումների մեջ: Այսպես են մարդիկ դառնում խաղամոլ, գինեմոլ ու թմրամոլ, այսպես են ինքնասպան դառնում: Երբ երկիրն է քո հոգու միակ հանգրվանը, զվարճանքները և կամ մահն է դառնում քո միակ մխիթարությունը»,- ընդգծել է Արշակ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալներին հեռու վանել ամեն թերահավատություն և ամուր ու վառ պահել Տիրոջ հարության հանդեպ հավատը: Վերջում Սրբազանը մաղթել է, որ Հարուցյալ Տերն իր գիտության լույսը տարածի բոլոր հայ օջախներում, բոլոր սրտերում ու հոգիներում և ամենքի մեջ, որպեսզի ճանաչեն Կյանքի նպատակը, ապրեն հույսի մեջ, ապրեն փրկության հասնելու ու անսպառ կյանքի պարգև ժառանգելու համար: Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառել Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն են ունեցել իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը: Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր