211652_close_icon
views-count1771 դիտում article-date 19:57 17-04-2019

Հակոբ Սերոբյանը և Վահագն Դավթյանը գոհ են ԵԱ-ի արդյունքից

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել էր մեկ բրոնզե մեդալ: Օղակների վարժությունում երրորդ տեղն էր գրավել Վահագն Դավթյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ 6 մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան և Արթուր Ավետիսյան: «Ընդհանուր առմամբ, արդյունքից գոհ եմ, բայց մենք ունեինք ավելի շատ հնարավորություններ: Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ սպասում էի, որ գոնե մեկ մեդալ պետք է նվաճենք: Մեդալակիր կարող էին դառնալ նաև Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը հանձնվեց, ինչն անհասկանալի էր ինձ համար, իսկ Արթուր Դավթյանը պայքարեց մինչև վերջ: Վստահ էի, որ եթե Հարություն Մերդինյանը դուրս գա եզրափակիչ, կկատարի լավագույնը, քանի որ նա պայքարող մարզիկ է: Մեր թռիչքը հետաձգվեց մեկ օրով, իսկ մրցումներին մեկ օր ուշացումով մեկնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ես մեկ օր շուտ էի ժամանել մրցավայր, քանի որ առաջնության մրցավարների թվում էի: Թռիչքի հետաձգվելու պատճառով մեր մարզիկները բաց թողեցին գլխավոր փորձը: Մի քիչ վատ էր կազմակերպված մարզիկներին դիմավորելն և հյուրանոցում տեղավորելը: Մեր տղաները 2 գիշեր չէին քնել, սակայն ես նրանց ասացի, որ դա մեծ խնդիր չէ և նրանք պատրաստ են: Բոլորը սպասում էին ավելի վատ մասնակցություն, բայց մենք ունեցանք եզրափակիչի 2 մասնակից օղակների վարժությունում ու բազմամարտում: Ուրախ եմ Վահագն Դավթյանի մեդալի կապակցությամբ: Նա հանդես եկավ իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակով: Վահագն Դավթյանից մեդալի ակնկալիքները շատ չէին, քանի որ նա ուներ ուսի վնասվածք: Սակայն մրցման ժամանակ նա մոռացավ ամեն բան և հաջող հանդես եկավ: Եթե Արթուր Թովմասյանը չսխալվեր, նա կարող էր գրավել առաջին տեղը: Նա նույնն արել էր նաև աշխարհի առաջնությունում: Հուսով եմ, որ Եվրոպական խաղերից առաջ Օլիմպիական կոմիտեն մեզ համար հավաք կկազմակերպի Թբիլիսիում: Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանն անվանական ուղեգրեր են նվաճել Եվրոպական խաղերի համար: Չի բացառվում, որ ունենանք նաև երրորդ ուղեգիրը: Եթե Ռուսաստանի թիմը հրաժարվի օղակների վարժության ուղեգրից, այն կարող է բաժին հասնել Արթուր Թովմասյանին: Մրցավարության մասին կասեմ, որ ամեն բան լավ էր: Մեր մարզիկները ստացան իրենց կատարած գնահատականները: Մրցավարները նորմալ են գնահատել: Եթե նրանք ցանկանային, նույնիսկ կարող էին առանց մեդալի թողնել Վագագն Դավթյանին»,- նշեց Հակոբ Սերոբյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը նշեց, որ գոհ է իր ցուցադրած արդյունքից. «Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում ունեցանք մրցանակային տեղ: Իմ վարժությունում թերություններ կային, սակայն առանց դրա մարմնամարզությունում հնարավոր չէ: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նվաճել մեդալ և ուղեգիր: Դա միայն իմ հաջողությունը չէ, այլ ամբողջ թիմինը՝ իմ ընկերներինը, մարզիչներինը ու մեր ամբողջ երկրինը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին ինձ: Այդ ամենն արվել է թիմային մեծ աշխատանքի շնորհիվ: Նպատակ ունեմ շատ հաջող ելույթ ունենալ Եվրոպական խաղերում, իսկ արդյունքը կախված կլինի իմ լավ մասնակցությունից: Լավ եմ տրամադրված, կպատրաստվեմ ու կտեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց Վահագն Դավթյանը:

Նմանատիպ նյութեր