211652_close_icon
views-count1418 դիտում article-date 10:47 17-04-2019

Նորից՝ «հումանիտար շփումների» մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2008 թվականի նոյեմբերին Մոսկվայի մարզում գտնվող Մայենդորֆ պալատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սարգսյանը, Ալիևը և Մեդվեդևը հռչակագիր էին ստորագրել, որով պարտավորվում էին շարունակել փնտրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումները «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում: (Երկուսուկես տարի անց Կազանում այդ գործընթացը տապալվեց՝ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման պատճառով): Մայենդորֆում կողմերը նաև պայմանավորվել էին զարգացնել հումանիտար համագործակցությունը: Դա նշանակում էր, մասնավորապես, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակական հատվածի, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է շփվեն, համատեղ ծրագրեր իրականացնեն, ցույց տան իրենց հասարակություններին, որ հակառակ կողմում նույնպես մարդիկ են ապրում, ոչ թե հրեշներ և այլն: Նման մի քանի հանդիպումներ իսկապես տեղի են ունեցել, բայց արդյո՞ք դրանք գոնե նվազագույն չափով նպաստել են երկու ժողովուրդների միջև առկա լարվածության թուլացմանը: Միանշանակ՝ ոչ: Ամեն ինչի մասին պետք է դատել ըստ արդյունքների. 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում իրականացրեց Արցախի վրա, զոհվեցին մոտ հարյուր հայորդիներ և մի քանի հարյուր ադրբեջանցիներ: Վերքը չսպիացավ, այն շարունակում է արնահոսել: Հիմա եկել է նոր մարդասիրական նախաձեռնությունների ժամանակը: Երկուշաբթի օրը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»: Ինչպես նաև՝ «պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ առնվազն առաջին պայմանավորվածության հետ կապված Ադրբեջանն ամեն ինչ կանի՝ ցանկացած պատրվակներով դրանք տապալելու ուղղությամբ: Օրինակ, կասեն, որ ադրբեջանցիները չեն գնա տեսակցելու իրենց հարազատներին «օկուպացված տարածքներում»: Դրանով իսկ քաղաքական տարր կմտցնեն մարդասիրական նախաձեռնության մեջ, ինչն անխուսափելիորեն կբերի նոր լեզվակռվի: Երկրորդ մասով ենթադրելի սցենարը հետևյալն է: Ադրբեջանի իշխանությունը կուղարկի մի քանի «լավ պատրաստված» երիտասարդի, որոնց ամեն երկրորդ բառը հայերի հետ շփումների ժամանակ կլինի՝ «20 տոկոս օկուպացված տարածք, 1 միլիոն փախստական», ինչպես նաև՝ «եթե խաղաղություն եք ուզում, դուրս եկեք մեր հողերից, թե չէ մենք ստիպված կլինենք…»: Դրան ի պատասխան երկու տարբերակ կա՝ կա՛մ վիճել, ապացուցել, որ դրանք իրենց հողերը չեն (դարձյալ լեզվակռիվ), կա՛մ փորձել շփվել այլ թեմաներով, ինչը շատ դժվար է, եթե զրուցակիցդ նախապես հստակ առաջադրանք է ստացել: Համենայն դեպս, ամեն ինչ պետք է իսկապես լինի «փոխադարձության հիման վրա»: Հակառակ դեպքում «հումանիտար շփում» չի ստացվի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր