211652_close_icon
views-count3639 դիտում article-date 13:52 16-04-2019

Ինչո՞ւ է կոնսերվացվել Մաղավուզի քարածխի հանքը. բացառիկ տեղեկություններ է հրապարակել Արցախի նախկին վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր տարածքում բացառիկ տեղեկություններ է հրապարակել Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ Արձագանքելով Մաղավուզի քարածխի հանքի թեմայով ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի անպատասխանատու հայտարարություններին, որպես նախկին վարչապետ՝ հանգամանալից կանդրադառնամ ծրագրի նախապատմությանը, որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը: Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչև պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: Ուստի, առիթն օգտագործելով, կհորդորեի մեր քաղաքական ուժերին, հատկապես նորաստեղծ և ընդդիմադիր, նման հարցերում սեփական քաղաքական շահը վեր չդասել պետական շահերից և ականջահաճո հայտարարությունների համար անզգույշ քայլեր չանել: 2010թ.-ին, երբ ակտիվ քննարկվում էր Հայաստան ներկրվող գազի գնի թանկացման հարցը, որը բացասական հետևանքներ էր ունենալու մեր հայրենիքի ողջ էներգետիկ համակարգի վրա, այլընտրանքային էներգիայի աղբյուրի առաջարկման համար Արցախի կառավարությունը սկսեց քննարկել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը: Մենք դիտարկել ենք Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ հանքում առկա է մոտ 4 մլն տոննա C1 և C2 և 7 մլն տոննա P1 (ևս 2 մլն տոննա P2) կատեգորիաների հանքանյութ: Հանքանյութի արդյունահանման և հարստացման դեպքում հնարավոր է այն օգտագործել ինչպես կոշտ վառելիք ջեռուցման համար, այնպես էլ Երևանի՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված ջէկ-ում էլեկտրաէներգիա ստանալու համար: Որպես ներդրող՝ մեզ դիմել է Հայկ Արամի Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան ներդրումային ծրագիր: Այն հավանության արժանանալուց հետո 2010թ.-ին նա Արցախում գրանցել է «Հասա ՍՊԸ»-ն (հետագայում վերանվանել է «Հասա Գրուպ»): Հ. Խաչատրյանը մի քանի տարիների ընթացքում կատարել է միլիարդների հասնող ներդրումներ՝ ինչպես որոնողահետախուզական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, այնպես էլ հանքի հարակից տարածքում կառուցելով հարստացուցիչ ֆաբրիկա՝ զինված արդի սարքավորումներով: Դրան զուգահեռ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կատարել է ուսումնասիրություն Մաղավուզի քարածխից նավթ ստանալու համար: 2015թ.-ի վերջին, լաբորատոր պայմաններում ունենալով դրական արդյունք և հաստատելով, որ հանքավայրից կարող ենք ստանալ ավելի քան 400 հազար տոննա կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի նավթ, համալսարանում ձեռնամուխ եղան դրա օգտագործման սխեման մշակելուն, որն այսօր արդեն պատրաստ է: Սակայն 2016թ.-ի ապրիլյան պատերազմը ստիպեց մեզ վերանայել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը, քանի որ, եթե գազի գնի նվազումը ձեռնտու չէր ներդրողին հանքանյութի արդյունահանման համար, ապա նավթի արտադրության հնարավորությունը, կարծում եմ, ինքներդ եք հասկանում՝ պետք է որ գայթակղիչ լիներ: Ի դեպ, նշեմ, որ Գերմանիայում 1920-ական թվականներից քարածխից նավթ ստանալու տեխնոլոգիան արդեն լայն կիրառում էր ստացել: Այն մեծ ծավալով արտադրվում էր նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ներկայումս այս ուղղությունը ինտենսիվ զարգանում է նավթի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Չինաստանի նավթարդյունաբերության մեջ էական տոկոս է կազմում: Հատկանշական է, որ Չինաստանում առկա հանքերի և Մաղավուզի հանքի քարածուխները գրեթե նույն ցածր կալորիականությունն ունեն: Ուստի, հաշվի առնելով հնարավոր պատերազմի, շրջափակման և ճգնաժամային այլ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, ԱՀ և ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել, որպես պետպահուստ, կոնսերվացնել Մաղավուզի քարածխի հանքը: Այստեղ նույնպես դասեր ենք քաղել մեր անցյալից։ Հիշողություն ունեցողները կհիշեն 1990-ական թվականներին մեր հայրենակիցների վիճակը, երբ ջեռուցման համար արդեն տան մանրատախտակն էին քանդում-այրում, իսկ նավթամթերքի պակասից անասելի դժվարություններ էինք կրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Ավելին, կարող ենք անգամ շատ հեռուն էլ չգնալ և հիշել 2008 թ․ օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Հայաստանում արդեն սպառվում էին նավթամթերքի պաշարները։ Այս է պատճառը, որ «Արցախի ներդրումային հիմնադրամը» թողարկել է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման գործում աջակցել է ՀՀ կառավարությունը: Արդյունքում ներդրողից այն գնել ենք առանց պետական բյուջեից մեկ դրամ անգամ ծախսելու։ Ինչ վերաբերում է Գագիկ Բախտամյանի անունը իմ անձի հետ կապելուն, ապա ասեմ, որ այս շղթայում այն հերթական սադրանքն է: Նշված անձը, այո, իմ համադասարանցին է, սակայն «Հասա Գրուպ»-ում աշխատում էր ընդամենը որպես անվտանգության ծառայության աշխատակից, և հետագայում վաճառքի հետ կապված գործարքը հեշտացնելու համար ներդրող Հայկ Խաչատրյանն ինքն է ընտրել այդ ձևաչափը՝ ստեղծել նոր կազմակերպություն նրա անունով: Սա է իրականությունը, որի մասին ժամանակին հարցի վերաբերյալ ոչ հրապարակային պարզաբանում հնչեցնելու պատրաստակամություն էի հայտնել Հայկ Խանումյանին, սակայն նրա կողմից պատասխան չի եղել: Հ.Գ. Ինչ ունենք այսօր... մի ընկերություն, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում հաշված օրերի ընթացքում Արցախը և Հայաստանը ապահովել՝ • կոշտ վառելիքով, որի արժեքը կլինի առնվազն 120 մլն ԱՄՆ դոլար (4 մլն տոննան բազմապատկենք նվազագույն գնով՝ 1 տոննան 30 ԱՄՆ դոլարով (փայտանյութի գնով)), • հեղուկ վառելիքով, որի արժեքը, արդեն նշեցի, կլինի 200 մլն ԱՄՆ դոլար, • էլեկտրաէներգիայով, եթե տեղափոխենք Երևանի ջեկ: Այսպիսով, մեզ կհաջողվի մեր միասնական հայրենիքի էներգետիկ համակարգը տևական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից: Հիմա հռետորական հարց եմ տալիս. ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր