211652_close_icon
views-count1008 դիտում article-date 13:21 12-04-2019

Հայաստանը մասնակցել է «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ Կանայք խաղաղապահությունում» խորագրով ՄԱԿ ԱԽ հանդիպմանը

Ապրիլի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցեց Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ Կանայք խաղաղապահությունում» թեմայով հանդիպմանը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 անդամ-երկրների պատվիրակություններ, զեկույցով հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Գլխավոր քարտուղարն անդրադարձավ խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավվածության մեծացմանը և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կանանց ներկայացվածության խթանումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Նշելով, որ խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է՝ նա ներկայացրեց Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը։ Անդրադառնալով 2000թ․-ին ընդունված Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին՝ դեսպան Մարգարյանը հիշատակեց բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագիրը, որը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է ս․թ․ փետրվարին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու կանանց գլխավորությամբ նախաձեռնությունների ներգրավվածությունը։

Նմանատիպ նյութեր