211652_close_icon
views-count2058 դիտում article-date 09:49 12-04-2019

Մենենդեզ - Սաթերֆիլդ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Սենատի հանձնաժողովի լսումներին․ «Ամերիկայի ձայն»

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4872265.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սենատոր Մենենդեզը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում. Մենենդեզ - «Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ եւ երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից»: Սաթերֆիլդ - «Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»: Մենենդեզ - «Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է»: Սաթերֆիլդ - «Այո՛»: Մենենդեզ - «Եւ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր...» Սաթերֆիլդ - «Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, եւ ես միանում եմ այդ հայտարարությանը»: Մենենդեզ - «Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր»: Սաթերֆիլդ - «Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»: Մենենդեզ - «Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ»: Սաթերֆիլդ - «Ես պատմաբան եմ եւ լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից»: Մենենդեզ - «Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»: Սաթերֆիլդ - «Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»: Մենենդեզ - «Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Եւ մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը»: Լսումների ընթացքում սենատորներ Շահինի եւ Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին եւ ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին: Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է. «Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլեւս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլեւս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով»:

Նմանատիպ նյութեր