211652_close_icon
views-count2671 դիտում article-date 12:35 11-04-2019

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է նրանց ղեկավարության հայատյացության քարոզները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանական պատվիրակությանը հիշեցրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քարոզների հասին: «[url=https://armenpress.am/arm/news/970886.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանն ասաց ապրիլի 11-ին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում: «Երեկ շատ կարևոր զեկույց էր այստեղ քննարկվում` քաղաքական գործիչների խոսքում անհանդուրժողականության, ատելության, քսենոֆոբիայի տարրերը: Չգիտես ինչու, նման ելույթների ժամանակ շատ տարօրինակ կերպով ակտիվանում են ադրբեջանցի պատգամավորները, և սկսում են հայերին մեղադրել ռասիստական հայտարարություններ անելու մեջ: Ես ուղղակի հերթական անգամ ստիպված էի հիշեցնել Ադրբեջանի օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Ստիպված էի ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի նախագահի խոսքը` մեր թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլ համայն հայությունը: Ես ստիպված էի հիշեցնել նրանց մի դիվանագետի կոչը` ԴՆԹ-ի անալիզի ենթարկել Ադրբեջանի բոլոր դիվանագետներին, որպեսզի, եթե հանկարծ նրանց մեջ հայի կամ այլազգիի արյուն լինի, նրանք չեն կարողանա անշահախնդրորեն ծառայել Ադրբեջանին: Ես այս ամբիոնից 10 տարի բարձրացնում և ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են: Եվ այս կառույցում քար լռություն է, և պատահական չէր, որ երեկ ես հայտարարեցի, որ մենք ընդունեցինք հերթական մեռելածին բանաձևը»,- ասաց Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը կարևոր շեշտադրում է կատարել Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման և Իլհամ Ալիևի ղեկավարման հետ կապված: «Շատ կարևոր մի շեշտադրում արեց Լեյլա Յունուսը, երբ դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը: Նա ասաց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, և քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիևն է, Ադրբեջանում խաղաղություն չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

Նմանատիպ նյութեր