211652_close_icon
views-count1907 դիտում article-date 18:42 10-04-2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան

Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի նոր իրողություններին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների առաքելությանը, Երևան-Լոս Անջելես քույր-քաղաքների ծրագրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում հայ համայնքի դերին: Հանդիպմանը մասնակցում էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը (Paul Krekorian), փոխքաղաքապետ Նինա Հաջիկյանը (Nina Hachigian), ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այնուհետև Աննա Հակոբյանը մասնակցեց քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից իր պատվին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը: Տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար, որին արժանանում է ամերիկյան բոլոր հանդիպումներում: Նա կարևորեց հայ համայնքի դերը՝ որպես Հայստանի և ԱՄՆ միջև գործակցության յուրահատուկ կամուրջ: ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Կրեկորյանի և փոխքաղաքապետ Հաջիկյանի ջանքերը Լոս Անջելեսի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարաբերություններն ամրապնդելու համար: Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարարության անունից գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնեց և Փոլ Կրեկորյանին Երևանի 2800-ամյակի հոբելյանական հուշադրամ նվիրեց: Փոլ Կրեկորյանն իր հերթին Աննա Հակոբյանին և գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին հանձնեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը և գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հռչակագրերը: Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետի տիկինն այցելեց Գլենդեյլում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մտքեր փոխանակվեցին Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների առաքելությանն առնչվող հարցերի մասին: Այնուհետև ՀՀ վարչապետի տիկինը Գլենդեյլի Ալեքս թատրոնում մասնակցեց հայ համայնքի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ վարչապետի տիկինը հանդես եկավ ելույթով, խոսեց Հայաստանի ներկա իրողությունների, դրանցում սփյուռքի ակտիվ ներգրաման կարևորության ու հայրենիքի ապագա զարգացման գործում Կալիֆորնիայի հայ համայնքի մեծ դերի մասին:

Նմանատիպ նյութեր