211652_close_icon
views-count2473 դիտում article-date 11:44 08-04-2019

Մոսկվայում ստորագրվել է ՀՀ-ի և ՌԴ-ի զբոսաշրջության լիազոր մարմինների 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը

Ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։ Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև և նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի աճին։ 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է․ • Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը, • հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը, • զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների և լրագրողների փոխանակումը, • երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև զբոսաշրջային և հյուրընկալության ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության և փորձագետների փոխանակումը, • երկու պետությունների զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, • զբոսաշրջության ոլորտում ներդրումներ իրականացնող հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային և վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների և հյուրանոցների մեծ ներուժը և ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր