211652_close_icon
views-count1455 դիտում article-date 20:04 04-04-2019

Արմեն Սարգսյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել է արդեն 21-րդ դարում այդ համագործակցության զարգացումը Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում: «Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեն կարևորել է Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ խոսելով առկա համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Նրանք մասնավորապես կարևորել են համագործակցության ընդլայնումը ենթակառուցվածքների զարգացման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում:

Նմանատիպ նյութեր