հիմնական կայք
Լրահոս

«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով

«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով: Հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կկայանա երգչի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ:


Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ով Ձախ Հարութի հետ աշխատում է 2012 թվականից:

1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն: Այս օրերին Հրազդան մարզադաշտը, որտեղ շուրջ 10 տարի չի անցկացվել որևէ միջոցառում, տեսքի է բերվում և նոր կյանք ստանում: Այս համերգը գուցե և ազդարարի մարզադաշտի վերածնունդը:

Նշենք, որ հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Այս արտիստներն ընտրվել են Հարութ Փամբուկչյանի հետ քննարկման արդյունքում:

Տեղեկացնենք, որ համերգի տոմսերն արդեն իսկ վաճառքում են:

Հավելենք, որ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ:

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք