211652_close_icon
views-count1575 դիտում article-date 13:31 02-04-2019

ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն այս տարի քիչ հավանական է

Վերջերս հրապարակվեց ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը: Զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արտաքին և անվտանգային քաղաքականությանը, արդարադատությանը, տնտեսական զարգացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներին, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/969790.html]armenpress.am[/url]-ը։ Զեկույցի նախաբանում ԵՄ գերագույն հանձնակատար Ֆ․ Մոգերինին նշել է, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը որոշիչ փուլ է մտնում։ Չնայած Մոգերինիի խոսքերին, պետք է նշել, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին պայմանագրի շուրջ բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում։ Եվրախորհրդարանը 2018թ․ հուլիսի 4-ին ընդունել էր ԵՄ-Ադրրբեջան համաձայնագրի բանակցությունների սկզբունքների վերաբերյալ բանաձևը: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հիմնախնդրին, նշվում ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. հիմնարար սկզբունքներին հետևելու, ԱՀ և ՀՀ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին ներգրավելու, ատելության քարոզի բացառման և այլ սկզբունքների պահպանման կարևորությունը: Տեքստում նաև նշվում է, որ մինչև համաձայնագրի կնքումը, Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին հիշեցվում է, որ ոչ մի բազմակողմանի համաձայնագիր չի վավերացվելու այն երկրի հետ, որը չի հարգում ԵՄ-ի հիմնական արժեքներն ու իրավունքները։ Ըստ բանաձևի՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել Ադրբեջանում ազատ և բազմակարծիք ԶԼՄ-ներին՝ դոմինանտ քաղաքական և օլիգարխիկ խմբերից անկախ լինելու և ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու համար: Պատգամավորները հույս էին հայտնել, որ բանակցությունների արագ իրականացման և պայմանների իրագործման պարագայում ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը հնարավոր է՝ ստորագրվի ԵՄ-Արևելյան գործընկերության 2019թ. գագաթաժողովի ընթացքում: ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2017թ․ փետրվարից, իսկ 2018թ. ապրիլին մեկնարկել էր համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ադրբեջանում ԵՄ դեսպանության առաջին խորհրդական Դ. Դանիլիդիսը նշել էր, որ դժվարություններ կան քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ համաձայնության գալու հարցում, քանի որ Ադրբեջանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամ չէ։ Քաղաքական և տնտեսական հարցերով քննարկումները շարունակվել են 2018թ. դեկտեմբերին, այս տարվա փետրվարին և մարտին: Թեև ԱՀ փոխարտգործնախարար Մ․ Մամեդգուլիևը հայտնել էր, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն նոր համաձայնագրի բանակցությունները կավարտվեն 2018-ի վերջին և հավանական է, որ այն կհամաձայնեցվի արդեն 2019թ․ առաջին կեսին, այնուամենայնիվ 2018թ. դեկտեմբերին բանակցությունները չավարտվեցին։ Քննարկումներն ու բանակցությունները դեռևս շարունակվում են: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ համաձայնագրի ստորագրումը 2019թ․ քիչ հավանական է: Նախ, քանի որ ինչպես երևաց ԵՄ-ն և Ադրբեջանը նախօրոք նշված ժամկետներում չեն կարողանում համաձայնության գալ: Պատճառները մի քանիսն են․ ինչպես նշվել է, ԵՄ-ի հիմնական պայմաններից է նաև Ադրբեջանի՝ ԱՀԿ-ին անդամակցումը, թեև ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանն ԱՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և այս ուղղությամբ շարունակվում են բանակցությունները, այն դեռևս չի ավարտվել և քիչ հավանական է, որ այս տարի այն կավարտվի: Գործընթացը ձգձգում է Ադրբեջանը՝ այդ կերպ փորձելով անկախ մաքսային քաղաքականություն վարել: Հաջորդ պատճառն այն է, որ 2019թ. աշնանը փոխվում է Եվրահանձնաժողովի կազմը, իսկ Ադրբեջանն այս ընթացքում սերտ կապեր է հաստատել Եվրահանձնաժողովի անդամների հետ: Այս մասին խոստովանել էր նույնիսկ ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ նշելով, որ ցանկալի է համաձայնագիրը պատրաստել, քանի դեռ գործում է Եվրահանձնաժողովի ներկայիս կազմը, և ինչպես ինքն է նշել, քանի որ «անձնական մոտեցումը նշանակություն ունի»: Դատելով Մամեդյարովի հայտարարությունից՝ եթե մինչև 2019թ․ աշուն չստորագրվի այդ համաձայնագիրը, ապա շատ հավանական է, որ այն կարող է ևս մի քանի տարի ձգձգվել, քանի որ բանակցություններն արդեն պետք է ընթանան Եվրահանձնաժողովի նոր անդամների հետ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/969790.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր