211652_close_icon
views-count1922 դիտում article-date 12:43 28-03-2019

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից․ Նիկոլ Փաշինյան

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կնքված ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման արդյունքների ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե համաձայնագրով հնարավո՞ր է, արդյոք, որ որոշ ռիսկեր ստեղծվեն Հայաստանում գյուղատնտեսության և ջերմոցային ոլորտի տնտեսավարողների համար: «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե, օրինակ, ինչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից հասնի Հայաստան»,- հարցրեց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ազատ առևտրի համաձայնագիրը ոչ միայն այն մասին է, որ Իրանից կարող են ապրանք ներմուծել Հայաստան, այլև Հայաստանից արտահանել Իրան: «Հետաքրքիրն այն է, որ 3-միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 -միլիոնանոց շուկայի հետ, և առաջին ռեակցիան այն է, որ կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու մեր կարտոֆիլի գինը էժանանա: Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել: 80 -միլիոնանոց շուկան բացում ենք մեզ համար ու ասում, թե մեր 3-միլիոնանոց շուկան կարող է գրավեն: Եթե չաշխատենք, այո, կարող են գրավել»,- նկատեց Փաշինյանը։ Նա նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չկան, թե Իրանից ներկրվող կարտոֆիլը որքան կարժենա, սակայն վստահեցրեց` կան հաշվարկներ, որ այդ պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին և բխում է ՀՀ շահերից:

Նմանատիպ նյութեր