211652_close_icon
views-count1001 դիտում article-date 10:32 19-03-2019

Սոցիալական տուրբուլենտությունը իշխանությունների կարողությունների հետ կապ չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն առաջիկա ամիսների, իսկ գուցե մեկ-երկու տարիների ընթացքում չի ունենալու սոցիալական դժգոհության և բողոքի օջախների պակաս: Ինչպես տուրբուլենտության գոտում հայտնված օդանավերի ճոճը ամենևին կապ չունի անձնակազմի մասնագիտական կարողությունների հետ, այդպես էլ Հայաստանի «սոցիալական տուրբուլենտության» խնդիրը կախված չէ նոր իշխանության կառավարման որակների կամ կարողությունների հետ: «Սոցիալական տուրբուլենտության» հանգամանքը նախկին համակարգի և ինչ-որ առումով նաև նախկին «հասարակարգի» արատավոր էֆեկտն է: Հայաստանում գործել է կոռուպցիոն «հասարակարգ», որտեղ բոլոր մակարդակներում և բոլոր ուղղություններով հանրային հարաբերությունների առանցքում եղել է կոռուպցիոն տրամաբանությունը, անգամ, երբ իրավիճակները համապատասխանել են օրենսդրությանը: Միևնույն է, օրենսդրությունը մշակվել և ընդունվել է՝ հաշվի առնելով հարաբերությունների կոռուպցիոն առանցքը, հարմարեցվել է այդ տրամաբանությանը: Երբ հասարակական հարաբերությունները դուրս են բերվում այդ տրամաբանությունից, ապա դրան համահունչ ստեղծված օրենսդրությունը կամ իրավապայմանագրային դաշտը բացվում է հակառակ կողմից, հենց կոռուպցիոն տրամաբանությամբ, որովհետև չկա այլևս այն դաշտը, որտեղ «ցանվել» է օրենքը: Դրանով առաջանում է տուրբուլենտության մեծ գոտի, և պարբերաբար առաջացող դժգոհության օջախները անխուսափելի են լինելու և դրանց ուժգնությունը կամ հաճախակիությունը կախված է լինելու տեղի ունեցող ռեֆորմների դինամիկայից: Որքան մեծ լինի դրանց ընդգրկումը, այնքան մեծանալու է ճոճի հավանականությունը: Այստեղ է առաջանում անձնակազմի կառավարման խնդիրը, այսինքն` օդաչուների, տվյալ դեպքում պետական կառավարման համակարգի, իշխանության մասնագիտական կոմպետենտությունը: Օդանավի ճոճի համար նրանք չեն պատասխանատու, բայց օդաչուներն են պատասխանատու այն բանի համար, որ օդանավը հանգիստ և առանց աղետի անցնի մեծ կամ փոքր տուրբուլենտության գոտիները, դրանցում թույլ չտրվեն սխալներ, որոնք արդեն կբերեն մարդկային գործոնի հետևանքով առաջացող խնդիրների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր