211652_close_icon
views-count3400 դիտում article-date 16:39 27-02-2019

Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր. Փաշինյան

ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրա-շրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն: Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում: Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ:

Նմանատիպ նյութեր