211652_close_icon
views-count1449 դիտում article-date 18:32 21-02-2019

Լևոն Աղասյանը կրկին լավագույնն էր

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները միջազգային երրորդ մրցաշարին մասնակցեցին: 1948թ. Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում լավագույնը կապանցի Լևոն Աղասյանն էր: Նա գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, «ճախրեց» 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը: Ինչպես հայտնի է, Լևոնը օրեր առաջ, Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում, 16 մ 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել: Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը / 12մ 18 սմ / և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը / 7մ 4 սմ /, ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում: Փետրվարի 22 –ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Ասենք, որ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27 –ը և նույն օրը կմեկնեն Գլազգո ` մասնակցելու մարտի 1 –ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Ի դեպ, Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ –ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը / 60 մ / և Ֆրանսիայից` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

Նմանատիպ նյութեր