հիմնական կայք
Լրահոս

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը. Արայիկ Հարությունյան

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը. Արայիկ Հարությունյան Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ի`Արցախի վերածննդի օրվա առթիվ գրառում է արել իր Facebook-ի էջում:


«Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի եւ Արցախի ճակատագրում։


31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցելու: Պատանեկան միամտությամբ հավատում էինք, որ ժողովրդի ձայնը լսելի կդառնա, եւ Արցախը կվերամիավորվի Մայր Հայաստանին՝ իրագործելով մեր բոլորիս երազանքը: Բայց ընդամենը շաբաթներ անց հասկացանք, որ այս հիմնախնդրի լուծման միակ եւ պարտադրված ճանապարհը զինված պայքարն է…

31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել, եւ այս գիտակցումը հավանաբար դեռ երկար տարիներ մեզ չի լքելու: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որ առկա է Արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո, բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը։ Շարժումը հաղթանակել ենք, եւ սա կատարված փաստ է։ Իսկ շարունակությունն արդեն մեր եւ մեզնից հետո եկող սերունդների պայքարի ու հաղթանակի տարեգրությունը պիտի կազմի։

Շնորհավորո՛ւմ եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ: Համոզված եմ՝ այն ձեռքբերումները, որոնք թանկ գնով արձանագրել ենք այս տարիների ընթացքում, կարդարացնենք Ուժեղ, Զարգացած եւ Միասնական Հայրենիքի կերտմամբ» , – գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հենց 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից հանելու եւ ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք