211652_close_icon
views-count1267 դիտում article-date 15:16 17-02-2019

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը օգնում է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը լուսաբանվող թեմաների վերաբերյալ

Փետրվարի 16-17-ին Ծաղկաձորում անց կացվեց երկօրյա իրազեկման դասընթաց՝ պարենային անվտանգությանը և սնուցմանը վերաբերող թեմաների շուրջ: Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, որի նպատակն է հզորացնել պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունները Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում: Դասընթացին մասնակցում էին ոլորտը լուսաբանող մոտ երկու տասնյակ լրագրողներ, ովքեր իրազեկվեցին ՀՀ-ում պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրների, սննդամթերքի անվտանգության հիմնահարցերի, միկրոսննդանյութերի անբավարարության և այլ հետաքրքիր ու արդիական հարցերի մասին: Դասընթացի նպատակն էր նպաստել լուսաբանվող թեմաների մասին ճիշտ տեղեկատվության մատուցմանը, քանզի որքան գիտակ ու տեղեկացված է լրագրողը տվյալ թեմայի վերաբերյալ, այնքան ավելի որակյալ ու հավաստի է տրամադրվող տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ ըստ վիճակագրության, քրոնիկական սովից տառապում է աշխարհի բնակչության ամեն ինը հոգուց մեկը, իսկ դպրոցական տարիքի 66 միլիոն երեխա սոված է գնում դպրոց: Ամբողջ աշխարհում կանայք և երեխաները հատկապես խոցելի են և մտահոգիչ է Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների և 15-49 տարեկան կանանց սնուցման կարգավիճակի ցուցանիշները: 2015-2016 թթ. տվյալներով, մեր երկրում թերաճ են մինչև 5 տարեկան երեխաների 9%-ը, թերսնված՝ 4%-ը: Իսկ գերքաշ երեխաների թիվը կազմում է 14%: Այս և այլ բազմաթիվ հարցերին դասընթացի ընթացքում անդրադարձան ոլորտի մասնագետները: Դասընթացը վարում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանը, բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության մասնագետ Հրայր Ասլանյանը: «Մեր բազմաթիվ նպատակները, ինչպիսիք են օրինակ ամուր առողջություն ունենալը և բարձրորակ կրթության հնարավորությունը բոլորի համար՝ անիրականանալի կլինեն առանց նախ և առաջ պատշաճ ձևով սովի և պարենային անվտանգության հարցերին անդրադառնալը և դրանք հասցեագրելը», - ասաց ՊԳԿ ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը: Ըստ Պարենի և գյուղատնտեսության (ՊԳԿ) տվյալների, 2016թ-ին մոտ 815 միլիոն մարդ տառապել է քրոնիկական սովից: Աշխարհում սովից տառապողների գրեթե 60 տոկոսը կանայք են: Նորածինների շրջանում մահվան դեպքերի գրեթե 45 տոկոսը կապված է թերսնուցման հետ: Համաձայն ՊԳԿ-ի գնահատականների, գյուղատնտեսական արտադրության ծավալը մինչև 2050 թվականը պետք է աճի մոտ 60 տոկոսով, որպեսզի հնարավոր լինի կերակրել ավելի մեծաքանակ բնակչության:

Նմանատիպ նյութեր