211652_close_icon
views-count4113 դիտում article-date 12:29 16-02-2019

Թումանյանի 150-ամյակի շրջանակում Երևանի գրադարաններում կանցկացվի ընթերցումներ և ցուցահանդես-վաճառք

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ` 2019թ․ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, ցուցահանդես-վաճառքին զուգընթաց կիրականացվի մշակութային միջոցառումների համալիր ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում: «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կազմակերպվող տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին: Քառօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են շնորհանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, զրույցների շարքեր, «Հովհաննես Թումանյան և Կոմիտաս-150» խորագրով ցուցահանդես, հեքիաթապատումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, ինչպես նաև ուրախ ծրագիր մանուկների համար՝ թումանյանական մոտիվներով ակվագրիմ, ֆլեշմոբ, պղպջակներով շոու: Կիրականացվեն նաև գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին: Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ գրադարաններում կազմակերպվելու են նաև ընթերցումները։ Փետրվարի 19-ին, ժամը 12-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները կազմակերպում են Թումանյանական ընթերցումներ` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Այդ օրը, ժամը 12-ից սկսած, երեք ժամ շարունակ, գրադարաններում ընթերցողները կկարդան Թումանյանի ստեղծագործությունները` բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, պատմվածքներ:

Նմանատիպ նյութեր