211652_close_icon
views-count1465 դիտում article-date 12:02 16-02-2019

Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Ֆիլիպպե Էտիենի, Ալեն Դանքնի և Ստեֆ Բլոկի հետ

Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու երկրների միջև բարձր մակարդակներում տեղի ունեցող պարբերական շփումներով և փոխայցելություններով: Կողմերը համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների ավանդաբար բարեկամական կապերի գործում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական համայնքը՝ որպես Հայաստանը և Ֆրանսիան իրար կապող յուրօրինակ կամուրջ: Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարևորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ: Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց նաև Հայաստանի կառավարության առաջնահերթյունները՝ որպես զարգացման օրակարգի գերակայություններ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ այս ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են հայ-ֆրանսիական համագործակցության լավ օրինակներ, որոնք մատնանշում են այս ասպարեզում առկա մեծ ներուժը: Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպպե Էտիենն անդրադարձ կատարեցին նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ այդ առումով մասնավորապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերն այս ուղղությամբ: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպել է նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: [img]https://st0.shamshyan.com/editor/0529933001550303286422300.jpg[/img] Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ-բրիտանական օրակարգն առավել հարստացելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները և ընդգծեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժևորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը: Անդրադառնալով կառավարության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանի զարգացման օրակարգի գերակայություններն են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության խթանումը, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Զոհրաբ Մնացականյանը և Ալեն Դանքնը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ: Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպեց նաև Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ: [img]https://st0.shamshyan.com/editor/0029365001550303306121361.jpeg[/img] Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարներն որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։ Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր