211652_close_icon
views-count6397 դիտում article-date 11:49 16-02-2019

Եթե չպահանջեք, որ փակ տարածքում մարդիկ չծխեն, ապա դատապարտված եք խեղդվել ծխի մեջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կարելի է պայմանականորեն բաժանել հռետորաբանական և բովանդակային մասերի: Ասում եմ՝ «պայմանականորեն», որովհետև հռետորական հնարքները, հուզական շեղումները, ընդդիմախոսներին ուղղված ակնարկներն ու հուժկու հակահարվածները միահյուսված էին բովանդակությանը, կոչված էին այն ավելի համոզիչ դարձնելուն: Վստահ եմ, որ ունկնդիրների մեծ մասին այդ հռետորաբանությունը համոզում է, վարչապետի խոսքը դարձնում է ավելի ցայտուն և «ժողովրդական»: Ես նման կռվազան, մեղադրական, «սպառնալից» ոճի երկրպագուն չեմ՝ չնայած հասկանում եմ, որ դա ճաշակի խնդիր է: Ընդդիմադիրներն էլ, եթե նեղվում են, ուրեմն պարզապես դեռ ծանոթ չեն Նիկոլ Փաշինյանի բնավորությանը: Բայց եթե պատկերացնենք, որ նույն բաներն ասվել են հանգիստ, հավասարակշռված տոնայնությամբ, ապա կկարողանանք ծանոթանալ վարչապետի ասածների բովանդակությանը, որն անձամբ ինձ սրտամոտ է: Բուն գաղափարն այն է, որ ինչպես քաղաքական հեղափոխությունը չի կարող իրականացվել մեկ մարդու կամ մարդկանց խմբի կամքով, այլ պահանջում է հասարակության մեծամասնության համաձայնությունը և համակարգված ջանքերը, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է հասարակության նույն «կոնսենսուսը» և նպատակասլացությունը: Ընդ որում, երկրորդ դեպքում ջանքերը չեն կարող տևել մի քանի օր կամ մի քանի շաբաթ՝ դա որոշակի արժեքների վրա հիմնված երկարատև և անշեղ գործընթաց է: Եթե քաղաքացին իրեն պատասխանատու չզգա պետության համար, ո՛չ պետության, ո՛չ էլ քաղաքացու կյանքում դրական տեղաշարժեր չեն նկատվի: Այդպես է բոլոր՝ մանր ու մեծ գործերում: Եթե դուք չպահանջեք, որ փակ տարածքներում մարդիկ չծխեն, ապա դատապարտված եք խեղդվել ծխի մեջ: Եթե սպասում եք, թե «երբ է էս ժողովրդի վիճակը լավանալու», նկատի ունենալով, թե երբ են ձեզ վերևից ինչ-որ բան հրամցնելու՝ աշխատանք, աշխատավարձ և այլն, ապա վիճակը չի լավանալու: Եթե ամեն օր արթնանալիս ասում եք՝ ես խեղճ եմ, ես քյասիբ եմ, ես ապրում եմ ուժեղների ողորմությամբ, ապա դատապարտված եք ապրել հենց այդպիսի կյանքով: Համաձայն եմ նաև, որ պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ՝ չի կարելի երկարատև հեռանկարում հույս դնել պարկեշտ մարդկանց նվիրվածության վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ «հին Հայաստանում» նախարարների, մարզպետների, անգամ ռեկտորների մեծ մասը նույնիսկ չգիտեր, թե որքան է իրենց աշխատավարձը, անգամ բացառված չէ, որ նրանք չէին վերցնում այն, որովհետև այդ մարդկանց իրական եկամուտը (ենթադրաբար՝ անօրինական) 10, 20 անգամ ավելի բարձր էր, քան պետության կողմից տրվող մի քանի հարյուր հազար դրամը: Եթե մարդիկ սկսել են խոսել պաշտոնյաների աշխատավարձերից և պարգևավճարներից, դա լավ է՝ ուրեմն, ենթադրվում է, որ պաշտոնյաները հենց դրանցով են ապրելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր