211652_close_icon
views-count1263 դիտում article-date 17:26 15-02-2019

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բարեկամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում: Բանախոսը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, առանձակի կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության տեմպերն աճել են, ինչը պայմանավորված է նաեւ կառավարության կողմից տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ: Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարեւորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը եւ կարեւորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում: Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարեւորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձեւաչափերին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում:

Նմանատիպ նյութեր