211652_close_icon
views-count2117 դիտում article-date 09:36 15-02-2019

Ո՞վ է մշակելու ու իրականացնելու Սփյուռքի հետ կապված քաղաքականությունը․ «Ամերիկայի ձայն»

ՀՀ իշխանությունները վերակազմավորում են Սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն ՀՀ վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով: [url=https://www.amerikayidzayn.com/a/4787475.html]«Ամերիկայի Ձայնը»[/url] քննարկել է այս հարցը սփյուռքահայ շրջանակների և փորձագետների հետ: Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման համակարգում: Ըստ վարչապետ Փաշինյանի, կառավարությունը միտված է իր կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն: Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոն: Սփյուռքագետ Վահե Սահակյանն անդրադառնում է հանձնակատարի հիմնական գործառույթներին, որոնք ընդգրկում են Սփյուռքի հարցերում նախարարությունների աշխատանքի համակարգումը, քաղաքականության ուղղությունների առաջարկությունները և իրականցվող քաղաքականության մշտադիտարկումը: Նա խնդիրը դիտարկում է որդեգրած քաղաքականության հարթակում: «Սփյուռքի նախարարության կարգավիճակը փոխելու կամ պահելու հարցը ածանցյալ է: Առաջնայինը այն է, թե ինչ քաղաքականություն ենք ունենալու կամ չենք ունենալու Սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշում է Սահակյանը: Առաջարկված նախագիծը, ըստ Սահակյանի, սակայն չի հստակեցնում քաղաքականության մշակման և իրականացման գործառույթի հիմնական օղակը: «Ինձ համար հարց է, թե ով է լինելու քաղաքականության մշակողն ու իրականացնողը, եթե, ըստ առաջարկված նախագծի, հանձնակատարը չունի այդ լիազորությունները: Եթե այն պետք է իրականացնեն տարբեր նախարարություններ, ինչպես նշված է վարչապետի վերջին ելույթներում, ապա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքի հետ կապերն ապահովող բաժինները պետք է ստանան հավելյալ ֆինանսավորում՝ ավելի լավ քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար հանձնակատարի համակարգմամբ»,- հարց է բարձրացնում փորձագետը։ Իր հերթին Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանի կարծիքով էլ Սփյուռքի նախարարության գործառույթների ապակենտրոնացումը հարց է առաջացնում, թե որն է այն հիմնական մարմինը, ուր կարող է դիմել սփյուռքահայությունը, և արդյոք կարող է մեկ պաշտոնյան իրականացնել մի ամբողջ կառույցի կատարած աշխատանքի ծավալը: «Նրանք նշում են, որ ամեն մի նախարարություն պետք է զբաղվի Սփյուռքի հետ կապերով, սակայն չեմ կարծում, որ ամեն մի նախարարություն ամեն ինչով կարող է զբաղվել: Հստակություն է անհրաժեշտ: Կարծում եմ այստեղ դեռևս այն չկա»,- նշում է արքեպիսկոպոսը:

Նմանատիպ նյութեր