211652_close_icon
views-count1719 դիտում article-date 21:50 13-02-2019

Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ հարցին

[b]Հարց.[/b] Ինչպես կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին: [b]Պատասխան[/b]. Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով: Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22 000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ: Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը:

Նմանատիպ նյութեր