հիմնական կայք
Լրահոս

Փոխե՛լ քննադատության ոճը, չհարձակվե՛լ բոլորի և ամեն ինչի վրա․ «Առավոտ»

Փոխե՛լ քննադատության ոճը, չհարձակվե՛լ բոլորի և ամեն ինչի վրա․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որքան շատ ժամանակ է անցնում հեղափոխությունից հետո, այնքան պարզորոշ են ուրվագծվում ընդդիմության տարբեր տեսակները: Ընդդիմության առավել տարածված ձևը, որը գոյություն ունի Հայաստանում վերջին 28 տարիների ընթացքում, ամեն ինչ ժխտող, ամեն ինչ մերժող ընդդիմությունն է: Եթե 1990-ականներին դուք հարցնեիք, ասենք, Արշակ Սադոյանին, թե ինչ էր ճիշտ անում այն ժամանակվա իշխանությունը, նա կզարմանար՝ ի՞նչ ճիշտ բան կարող է անել ապազգային, մարդակեր, գող-ավազակ իշխանությունը: Բնականաբար, ըստ Սադոյանի և մնացածների, սկսած կոռուպցիայից և վերջացրած «Ղարաբաղը ծախելով»՝ իշխանությունը հատուկ, մտածված ձևով կործանում էր երկիրը և ժողովրդին: Եվ այն ժամանակվա ընդդիմությունը խնամքով «փայփայում էր», ամրապնդում էր և տարածում էր ժողովրդի մեջ տարածված այն «լեգենդները», որ, ասենք, «Լևոնը պայթեցնում է Հայաստան եկող բենզինի գնացքները, որ այստեղ կարողանա չոր սպիրտ վաճառել»:


Ճիշտ նույն ձևով վերջին՝ «նախահեղափոխական» ընդդիմությունն ակտիվորեն պաշտպանում էր շրջանառվող այն առասպելը, որ արագաչափերի տուգանքներից ստացվող գումարները «գնում են Սաշիկի գրպանը», կամ որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տանկերը ջրով էին լիցքավորված: (Եթե այդպես էր, ապա ինչու 9 ամսվա ընթացքում դրա համար ոչ ոք չի դատվել):

Այդ ամենը շատ լավ աշխատում էր որպես ընդդիմադիր քարոզչություն, որովհետև Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, չարացած էր նախորդ երեք նախագահների իշխանության հանդեպ (դրա համար, անշուշտ, հիմքեր ունենալով) և պատրաստ էր ու հիմա էլ պատրաստ է հավատալ ցանկացած հեքիաթի: Այսօրվա ընդդիմությանը նույն մարտավարությունը ոչ մի հաջողության չի բերի: Այն քննադատությունը, որը մի տարի առաջ միանգամայն ընդունելի էր և ողջունելի, երբ այն հնչում էր, օրինակ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, խիստ բացասաբար, անգամ թշնամաբար է ընդունվում, երբ նույն ոճով սկսում է հանդես գալ, ասենք, Արմեն Աշոտյանը: Պատճառը հասկանալի է. Փաշինյանը մինչև հեղափոխությունը երբեք իշխանություն չի եղել, իսկ, դարձյալ կրկնեմ՝ նախորդ բոլոր իշխանություններից հասարակությունը հասցրել է, մեղմ ասած, հոգնել: Այսօրվա իշխանության նկատմամբ առայժմ նման վերաբերմունք չկա (մոտակա մեկ տարվա ընթացքում թերևս չի լինի), և հասարակության մեծ մասի համար, եթե դարձյալ մեղմ արտահայտվենք, անընդունելի կերպար հանդիսացող Աշոտյանի ասածները որևէ դրական արձագանքի չեն արժանանում և հակառակը՝ գրգռում են մարդկանց հենց Աշոտյանի դեմ:

Լուծումը մեկն է՝ փոխել քննադատության ոճը, այսինքն՝ նախորդ ընդդիմությունների նման չհարձակվել բոլորի և ամեն ինչի վրա: Քննադատությունը պետք է լինի ավելի թիրախային և հիմնվի քննադատողի արժեքային համակարգի, գաղափարախոսության վրա: Հնարավոր չէ միաժամանակ մեղադրել ներկա իշխանություններին «ազգային արժեքներին դավաճանելու մեջ», քննադատել Սիրիա մասնագետներ ուղարկելը, Արցախը հանձնելը, կառավարության կառուցվածքը օպտիմալացնելը և պարգևավճարներ տալը: Քանի չկա քննադատելու «ռազմավարություն», ամեն մի մեղադրանք հնչում է որպես «փուստ» կրակոց»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք